Արմինֆո.Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երկրորդ անգամ հրաժարվել է ընդդիմության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրառում է կատարել Կարապետյանի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:
Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:
Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին՚, - ասվում է Արամ Արարատյանի էջում զետեղված հայտարարությունում:
Ապրիլի 26-ին Հանրապետության հրապարակի հարթակից Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել էր հանդիպման այսօր ժամը 12:00-ին «Մարիոթ Արմենիա՚ հյուրանոցում` բացառապես իշխանության խաղաղ հանձնման շուրջ բանակցությունները շարունակելու համար:
Այդուհանդերձ, ինչպես ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել է, ՀՀԿ-ն ի սկզբանե որոշել է մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրությանը հանդես գալ իր թեկնածուով, որը լինելու է Կարեն Կարապետյանը` նախապես իր համար սահմանելով Փաշինյանի առաջարկած օրակարգի շուրջ բանակցությունների անհնարինությունը: