Արմինֆո. Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի երեք պատգամավորները ձերբակալվել են՝ օրենքի բոլոր խախտումներով:
«Պատգամավորների ձերբակալման հետ կապված ամեն բան անօրինական է: Բայց, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն ազատ կարձակվի: Այսօր մեր քաղաքացիները պահանջում են իրենց քաղաքացիական իրավունքի իրացում: Նրանք պայքարում են իրենց ապագայի համար»,- նշել է Մարտիրոսյանը: Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ նույնիսկ ճնշման դեպքում պայքարի դուրս եկած երիտասարդությունը հաղթանակ կտանի:
Նա նաև գտնում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եկած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը փաստացի ասելիք չուներ: Նրա խոսքով, մարդկանց մարտի 1-ով վախեցնելու փորձերն ապարդյուն են: «Համոզված եմ, որ Հայաստանում մարտի 1 չի լինի՝ մի շարք պատճառներով. այսօրվա Հայաստանն այն երկիրը չէր, ինչ 2008 թվականին, կան միջազգային կազմակերպություններ և մեր պարտավորությունները: Այնպես որ՝ ուժային ճնշում կարող է լինել, բայց մարտի մեկը հաստատ չի կրկնվի»,- ասել է Մարտիրոսյանը:
Նշենք, վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների տապալումից մեկ ժամ անց ոստիկանությունը սկսել է բողոքի ակցիաների ուժային ցրումը Էրեբունի համայնքում: Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանն իրավապահ մարմինների կողմից առևանգվել են իրադարձությունների վայրից:
Միրզոյանը և Միքայելյանը գտնվում են ոստիկանության Շենգավիթի բաժնում, ինչով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ: Մինչդեռ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Բողոքի ակցիաները մայրաքաղաքում չեն դադարում, ընդհարումներ են տեղի ունենում ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև, հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի: Ոստիկանությունը հայտարարում է բողոքի ակցիաների անօրինականության մասին և սպառնում է ուժային ճնշմամբ:
16:00-ի դրությամբ բերման է ենթարկվել արդեն 228 մարդ: