Արմինֆո. Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը, որը տեղի կունենա ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատոկ նիստին, կհրավիրվի 1300 մարդ, այդ թվում` հյուրեր արտասահմանից: Սակայն արարողությանն օտարերկրյա ղեկավարներ կամ պաշտոնական պատվիրակություններ չեն լինի: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են 4-րդ նախագահի գրասենյակում:
Ուշագրավ է, որ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը ԶԼՄ-ների հավատարմագրման կարգն այս անգամ տարբեր կլինի. շարքային լրագրողներ ներկա չեն լինի արարողությանը: Նրանք կարող են այն լուսաբանել հետևելով ՀՀՀ ուղիղ հեռարձակմանը, կամ, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանը, խորհրդարանի սենյակներից մեկում լրագրողների համար «կստեղծվեն արարողության լուսաբանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՚:
Բաբայանը նաև հաղորդել է, որ բուն արարողությանը հրավիրված կլինեն միայն «առաջատար ԶԼՄ-ների՚` հեռուստաընկերությունների, տպագիր և առցանց լրատվամիջոցների ղեկավարները կամ գլխավոր խմբագիրները, ընդգծելով, որ «առաջատար՚ չափանիշը որոշվում է նրանց պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով: «Արարողությանը կհրավիրվեն բարձրագույն կարգի մասնագետներ՚, - պարզաբանել է Բաբայանը: Ընդհանուր առմամբ, հրավիրված հյուրերի ցուցակը դե-յուրե պետք է հաստատի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Երդմնակալության արարողությունը պետք է սկսվի ԱԺ հատուկ նիստը նախագահողի ողջույնի խոսքով, այնուհետև դահլիճ կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանիշները, ՀՀ սահմանադրության բնօրինակը և Աստվածածնի ավետարանը: Սահմանված կարգի համաձայն, նորընտիր նախագահը պետք է երդվի` ձեռքը դնելով ՀՀ սահմանադրության և Աստվածաշնչի վրա: Այնուհետև ելույթով հանդես են գալու ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը և ինքը` նախագահը: Նիստի ավարտին դահլիճից դուրս են տարվում Հայաստանի խորհրդանիշները և Աստվածաշունչը: