Արմինֆո.Հայաստան կատարած այցի շրջանակներում Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարին առընթեր
պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն այցելել է ֆրանսիական դպրոց, որտեղ հանդիպել է դպրոցական համայնքի անդամներին և աշակերտներին:
Պետքարտուղարը այնուհետև կատարել է դպրոցին իր նոր անունը պարգևող «Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոց» վահանակի բացման արարողությունը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Դպրոցի նոր անունը հարգանքի տուրք է մատուցում գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների լիգայի հիմնադիր և հայկական հարցի մեծ պաշտպան ու ջատագով Անատոլ Ֆրանսին(1844 թ. - 1924), ով հայտնի է 1916 թ.ապրիլին Սորբոնում «Հարգանքիտուրք Հայաստանին» հանրահավաքի կապակցությամբ ունեցած իր հայտնի ելույթով:
Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցը Ֆրանսիայի Հանրապետության կրթության նախարարության ծրագրերին համապատասխան կրթություն է տրամադրում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան (ավագ դպրոց):
Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR/ ՀՖՀՀ) հետ միասին, Երևանի ֆրանսիական դպրոցն առաջարկում է շարունակական ֆրանսիական կրթություն՝ սկսած մանկապարտեզից մինչև դոկտորանտուրա, այսպիսով նպաստելով ֆրանսերեն լեզվի և մշակույթի տարածմանը Հայաստանում: