Արմինֆո. Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական և Կարինե Օգանեսյանը, ով մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, թույլ չեն տվել Ադրբեջան մուտք գործել` հայկական ծագման պատճառով:
Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել էր մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել էր Բաքու։ «Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները "նկատել են բացթողումը", նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա՚։
Դեսպանն ընդգծել է, որ այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ «Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։ Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը՚, - գրել է Էստոնիայում ՀՀ դեսպանը։