Արմինֆո. Իշխանությունն «Ազատության» հրապարակում «ընկած չէ», մարտի 26-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ կապված «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իշխանափոխությունը հրապարակում գցած է լինելու, և եթե պարզվի՝ կա ժողովուրդ, որ պատրաստ է և գնալ վերցնել էդ իշխանությունը, ինքը կգնա և կվերցնի:
Վարդանյանը նշել է, որ նման արտահայտություններն արդեն բազմիցս հնչել են: «Եթե նրանք կարող ենք, թող վերցնեն իշխանությունը: Սակայն, ուզում եմ նշել, որ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետի լրանալուց հետո և մինչև նոր վարաչպետի ընտրությունը յուրաքանչյուր պետական մարմին և համակարգ կկատարի իր անմիջական պարտականությունները»,- հայտարարել է պատգամավորը:
«Ելք» խմբակցությունից պատգամավոր Գևորգ Գորգիսյանը /«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ/, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ ընդդիմության պայքարին, հայտարարել է, որ իր ներկայացրած դաշինքի ներսում փոխհամաձայնություն չկա դրան դիմակայելու մեթոդների առնչությամբ: Նրա խոսքով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագրի», փողոցային պայքարի կողմնակից չէ և գտնում է, որ այն անհրաժեշտ է ծավալել խորհրդարանի ներսում՝ սեփական թեկնածուին առաջադրելով վարչապետի պաշտոնի համար: «Մեր գլխավոր նպատակն ընդհանուր առմամբ համակարգի փոփոխությունն է»,- հայտարարել է Գորգիսյանը:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կընդունի իշխանությունների հետ ընդդիմության պայքարի ցանկացած սահմանադրական եղանակ՝ խոստովանելով, որ ավելի շատ խորհրդարանական պայքարն է «իր սրտով»: Նրա խավաստմամբ, իշխանափոխություն կարելի է իրականացնել նաև խորհրդարանի ներսում՝ չդիմելով փողոցային պայքարի, օրինակ՝ առաջադրելով վարչապետի ընդդիմադիր թեկնածուի: Ըստ որում, նա ընդգծել է, որ իշխանությունը չի հանդուրժի զինված պայքարը, որի ցանկացած դրսևորում կճնշվի:
Նշենք, որ ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը: Վերջինս օրերս իր հարցազրույցում չի բացառել նախագահական լիազորությունների ժամկետի լրանալուց հետո վարչապետի պաշտոնում իր առաջադրման հնարավորությունները: Ընդդիմությունը հայտարարել է նրա իշխանության վերարտադրության դեմ պայքարելու մտադրության մասին, սակայն ընդդիմադիր ուժերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ պայքարի մեթոդների շուրջ: