Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24-ից 28-ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Քննարկվել են Միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, Միության կանոնադրության փոփոխություններով առաջարկվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Արա Բաբլոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին առաջարկել է քննարկել Հայաստանում Միության գործունեության շրջանակներում միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը:
Հայաստանի խորհրդարանականները մասնակցել են տարբեր հանձնաժողովների, մասնավորապես Կին խորհրդարանականների ֆորումի, Առողջապահության հարցերի խորհրդակցական խմբի, Մարդու իրավունքների հանձնաժողովի, Խաղաղության եւ միջազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Հավելենք, որ ՄԽՄ աշխատանքներին մասնակցում են 137 երկրների ավելի քան 740 խորհրդարանականներ: Մարտի 23-ին հրապարակված ՄԽՄ մամլո հաղորդագրությանում հատուկ ուշադրություն է դարձվում միգրանտների եւ փախստականների իրավունքների քննարկմանը: Ընդգծվում է, որ շուրջ 258 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության գրեթե 3,4 տոկոսն այժմ ապրում է հայրենի երկրների սահմաններից դուրս: Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրները 2016 թվականին փաստել էին, որ այդ մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովումը բավարար չէ: Պատգամավորները մտադիր են համակողմանի քննարկել այդ խնդիրը, մասնավորապես, տեղի կունենա ինտերակտիվ երկխոսություն ՄԱԿ փախստականների և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարների և Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Կայուն զարգացման նպատակների կատարմանը նվիրված նիստում ելույթ կունենա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյսուսը: Տեղի կունենա նաև քննարկում Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջյուի մասնակցությամբ:
1889 թվականին հիմնադրված Միջխորհրդարանական միությունն ամենահին միջազգային խորհրդարանական կազմակերպությունն է: ՄԽՄ անդամ են 178 երկրների խորհրդարաններ: