Արմինֆո. Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կոչ է արել նրբանկատութուն ցուցաբերել Ռուսաստանի հայազգի քաղաքացիների քվերակության հարցում:
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի ընտրություններում Հայաստանի քաղաքացիների ակտիվությունը՝ Քոչարյանը, մասնավորապես, ասել է. «Դա վկայում է այն մասին, որ քաղաքացիները հետաքրքրված են ընտրություններով»:
Այն դիտարկմանը, թե ընտրողների մեծ մասը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և ռուսական քաղաքացիություն ընդունած հայեր են՝ նա ասել է. «Պետք է նրբանկատություն դրսևորել նման հարցերում: Մեզ մոտ նույնպես այլ ազգության Հայաստանի քաղաքացիներն ակտիվություն են ցուցաբերում»:
Ըստ նախնական տվյալների, Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանցի ընտրողների 90-92 տոկոսը: Երևանում քվեարկությանը մասնակցել է շուրջ 5000 ՌԴ քաղաքացի:
Մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրություններում Վլադիմիր Պուտինից բացի առաջադրվել էին Վլադիմիր Ժիրինովսկու, Գրիգորի Յավլինսկու, Պավել Գրուդինինի, Կսենիա Սոբչակի, Մակսիմ Սորայկինի, Սերգեյ Բաբուրինի և Բորիս Տիտովի թեկնածությունները: Ռուսաստանի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ընտրողների ձայների 76,67 տոկոսը: ՌԴ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով: