Արմինֆո.ՀՀ խորհրդարանը ձեռնամուխ է եղել նախագահի պաշտոնի թեկնածության քննարկմանը:
Այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀԿ-ից նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին, մի շարք հարցերով նրան է դիմել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրան, մասնավորապես, հուզել է հարցը, թե արդյոք Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում հանդիսացել է Հայաստանի քաղաքացի և նշված ժամանակաշրջանում մշտապես բնակվել է հանրապետության տարածքում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը: «Ես դա հարցնում եմ, քանի որ այս առնչությամբ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել: Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱԺ քարտուղարությունը ներկայացրել է միայն Սարգսյանի կենսագրությունը: Ավելին, ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է հանդիսացել մինչև 2014 թվականը: Կարծում եմ, որ այդ կասկածները պետք է հիմնովին փարատվեն»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև անդրադարձել է Ազգային ժողովի կողմից 4-րդ նախագահի ընտրության սահմանադրականությանը, քանի որ հիմնական օրենքի համապատասխան հոդվածը դեռ ուժի մեջ չի մտել: Ի պատասխան դրան՝ Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն Արմեն Սարգսյանը ներկայացրել է ԱԺ, և դրանք կտրամադրվեն պատգամավորներին: Ինչ վերաբերում է ընտրությունների սահմանադրականությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել սահմանադրական իրավունքի փորձագետներին: «Իսկ եթե դուք ինչ-որ բանում կասկածում եք, դիմեք Սահմանադրական դատարան»,- խորհուրդ է տվել Բաղդասարյանը: