
Արմինֆո. ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել է Լիբանանում: Նրան ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ով ջերմորեն ողջունել է Սարգսյանի թեկնածությունը:
Արամ Ա կաթողիկոսը, մասնավորապես, շեշտել է, թե լավ ծանոթ լինելով Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին, ինչպես նաև ակադեմիական ու տնտեսական ոլորտներում հարուստ փորձով ու միջազգային շրջանակների հետ իր մշակած հարաբերությամբ Արմեն Սարգսյանը որպես նախագահ կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։
Նորին Սրբությունը նաև իր ուրախությունն է հայտնել, որ Արմեն Սարգյանի թեկնածությունը գոհունակությամբ է ընդունվել Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանակներում։ Հայրապետը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանն իր նկատմամբ ժողովրդի վստահությունն ի սպաս կդնի Հայաստանի Հանրապետության առավել հզորացմանն ու ծաղկմանը։
Արմեն Սարգսյնաը Վեհափառ հայրապետի ներկայությամբ հանդիպել է Ազգային կեդրոնական վարչության եւ Կաթողիկոսարանին առընթեր մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները, իր առաջադրանքները` նպատակաուղղված Հայաստանի առավել զարգացմանն ու ծաղկմանը, միաժամանակ շեշտելով Վեհափառ հայրապետի ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության կարևոր դերակատարությունը հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ու Հայաստանի առավել առաջադիմությանը նպաստող ծրագրներում։
Արմեն Սարգսյանը Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարների, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։ Ա. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին: Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ: Հանդիպումն անցել է ջերմ գործնական մթնոլորտում` առաջիկայում համակարգված քայլերի ձեռնարկման հրամայականի շեշտադրմամբ: