


Արմինֆո. Հայաստանը պետք է բարձրացնի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի հարցը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Ըստ փորձագետի, չնայած այն բանին, որ Հայաստանի իշխանությունները հաճախ խուսափում են նույնիսկ Ռուսաստան բառն արտաբերել՝ այդ հարցը չի կարող անուշադրության մատնվել: Նրա խոսքով, այդ մասին պետք է բարձրաձայնվի՝ հաշվի առնելով կոնֆլիկտային տարածաշրջաններ սպառազինության վաճառքի արգելքը:
Նշենք, որ անցած շաբաթ հայտնի դարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակի մատակարարմա մասին: ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իր վերաբերմունքը հայտնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի առնչությամբ, նշել էր. «Թե Հայաստանի նախագահը, թե արտգործնախարարը բազմիցս անդրադարձել են այդ հարցին: Չեմ կարծում, որ կրկնվելու անհրաժեշտություն կա: Բայց, կուզեի նշել, որ հայտնի է, թե ինչ պատճառներով և ինչ
շեշտադրմամբ է այդ հարցը մշտապես շահարկվում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից:
Հայաստանը հնարավոր ամեն բան անում է՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար, այդ թվում՝ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ մեր դաշնակցային
հարաբերություններից: Ձեռք է բերվում ավելի մատչելի գնով սպառազինություն և ռազմական
տեխնիկա»:



