Արմինֆո. Հայաստանը հնարավոր ամեն բան անում է՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ իր վերաբերմունքը հայտնելով Ռուսաստանի կողմից
Ադրբեջանին սպառազինության վաճառքի առնչությամբ:
«Ինչ վերաբերում է ռուսական կողմից Ադրբեջանին զենքի տրամադրմանը, թե Հայաստանի նախագահը, թե արտգործնախարարը բազմիցս անդրադարձել են այդ հարցին: Չեմ կարծում, որ կրկնվելու անհրաժեշտություն կա: Բայց, կուզեի նշել, որ հայտնի է, թե ինչ պատճառներով և ինչ շեշտադրմամբ է այդ հարցը մշտապես շահարկվում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Հայաստանը հնարավոր ամեն բան անում է՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար, այդ թվում՝ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ մեր դաշնակցային
հարաբերություններից: Ձեռք է բերվում ավելի մատչելի գնով սպառազինություն և ռազմական
տեխնիկա»,- ասել է Նալբանդյանը:
Ըստ որում, նա հիշեցրել է, որ 2010 թվակիանին ստորագրվել է ՀՀ տարածքում 102-րդ ռազմակայանի տեղակայման մասին նոր պայմանագիրը, որի համաձայն՝ Ռուսաստանը պարտավորվում է ապահովել Հայաստանի անվտանգությունը և տրամադրել ժամանակակից սպառազինություն՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության համատեղ ապահովման նպատակով: «Եվ, իհարկե, ակնհայտ է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում՝ ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլ նաև՝ որպես տարածաշրջանային կարևոր խաղացող»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: