Արմինֆո. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն այն փոքրաթիվ գործիչներից է, որն աշխատել է ՀՀ բոլոր երեք նախագահների հետ, և նրա ողջ կենսագրությունը խոսում է այն մասին, որ նա արժանի է նախագահի պաշտոնին: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ն ինչու է հատկապես Արմեն Սարգսյանին առաջադրել նախագահի պաշտոնի համար:
Փոխխոսնակը նշել է, որ, նոր սահմանադրության համաձայն, նախագահ կարող է լինել միայն անկուսակցական քաղաքական գործիչը: «Այդ պատճառով մենք ՀՀԿ շարքերից թեկնածու չենք առաջադրել: Սակայն, պետք է ձեզ հավաստիացնեմ, որ Արմեն Սարգսյանը շատ լավ տեղյակ է Հայաստանում առկա իրավիճակի մասին, չէ որ` լինելով դեսպան, նրա համար կարևոր էր իմանալ ՀՀ բոլոր մարտահրավերների և խնդիրների մասին: Բացի այդ, մեր նախագահի թեկնածուն բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում, եղել է վարչապետ և այդ պաշտոնից հեռացել է առողջական խնդիրների առնչությամբ՚, - հայտարարել է Շարմազանովը:
ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, թե ՀՀԿ-ում արդեն որոշում է կայացվել Սերժ Սարգսյանի առաջիկա վարչապետության մասին, Շարմազանովը հայտարարել է. «ՀՀԿ-ն առայժմ այդ հարցը չի քննարկել, երբ մենք վերջնական որոշում կայացնենք այդ առնչությամբ, հասարակայնությանն այդ մասին կտեղեկացնենք: Կարծում եմ` դա կլինի 2018 թվականի ապրիլի սկզբին՚, - ամփոփել է փոխվարչապետը:
ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին քաղաքական որոշումն արդեն կայացվել է, այն կհրապարակվի ապրիլի 10-ից հետո, երբ լրանան նրա լիազորությունները նախագահի պաշտոնում, իսկ արդեն ապրիլի 17-ին Ազգային ժողովում տեղի կունենան նախարարների կաբինետի ղեկավարի ընտրությունները: Այն փաստը, որ մինչև սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանը խոստացել էր չզբաղեցնել վարչապետի պաշտոնը` Հայաստանի կառավարման խորհրդարանական կարգի անցման դեպքում, չի շփոթեցնում հանրապետականներին: «Այո, նա նման խոստում տվել էր, բայց եթե նրա կուսակիցները խնդրեն նրան գլխավորել նախարարների կաբինետը, հաշվի առնելով երկրի ու ժողովրդի շահերը, նա կգնա դրան՝ չնայած տված խոստմանը», - մանրամասնել է աղբյուրը, ընդգծելով, որ դա առավել ազնիվ սցենար է: «Շատ ավելի վատ կլիներ, եթե մենք վարչապետի պաշտոնի համար առաջադրեինք այլ գործիչի, իսկ երկիրը կառավարեր Սերժ Սարգսյանը` որպես գորշ կարդինալ կամ կուսակցության գլխավոր քարտուղար՚, - բացատրել է հանրապետական աբղյուրը: Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ապագային` ապրիլից հետո, ՀՀԿ աղբյուրների հետ խոսակցությունից պարզ է դարձել, որ այդ հարցն առայժմ չի էլ քննարկվել: «Կարեն Կարապետյանն ինքը չի ցանկանում գլխավորել նախարարների կաբինետը 2018 թ. ապրիլից հետո»,- հավաստիացրել է աղբյուրը: Ինչ վերաբերում է մարտի սկզբին կայանալիք նախագահական ընտրություններին, այստեղ էլ ամեն բան պարզ է. ՀՀԿ-ից կառաջադրվի ՄԹ-ում ՀՀ դեսպանը, ով, հաշվի առնելով խորհրդարանում հանրապետականների ունեցած մեծամասնության առկայությունը, կհաղթի: Ընդ որում, աղբյուրները բացառել են հնարավորությունը, որ Սարգսյանը հրաժարվի ընդունել հանրապետականների առաջարկը: «Եթե մեր կողմից հրապարակվել է նրան առաջադրելու մասին որոշումը, նշանակում է՝ Արմեն Սարգսյանից նախօրեք ստացվել է համաձայություն»,- նշել են աղբյուրները: