Արմինֆո.Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որում կոչ է արվում Երուսաղեմը չճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 128 պետություն, որոնց թվում է նաև Հայաստանը: Բանաձևի ընդունմանը «դեմ՚ է քվեարկել 9 պետություն` ԱՄՆ, Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան Կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն: 35 պետություններ ձեռնպահ են մնացել:
Բանաձևում ԱՄՆ չի հիշատակվում, սակայն ասվում է, որ Երուսաղեմի վերաբերյալ բոլոր որոշումները պետք է չեղարկվեն: Տեքստում ասվում է, որ քաղաքի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում համարվում անվավեր:
ՄԱԿ կանոնադրության համաձայն, Գլխավոր ասամբլեայի որոշումը հանձնարարական, խորհրդանշական բնույթ է կրում և, ի տարբերություն ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշումների, պարտադիր չէ կատարման համար:
Ուշագրավ է, որ դեկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր ֆինանսական օգնությունից զրել այն երկրներին, որոնք կպաշտպանեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը դատապարտող ՄԱԿ բանաձևը: «Նրանք մեզանից հարյուրավոր միլիոն և, նույնիսկ, միլիարդ դոլար են ստանում և քվեարկում են մեր դեմ: Դեհ` թող քվեարկեն: Մենք մեծ միջոցներ կտնտեսենք: Մեզ համար միևնույն է՚, - ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնեն,ք որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել Թել Ավիվի ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: ԱՄՆ նախագահի որոշումը դատապարտել են ոչ միայն իսլամական աշխարհի երկրները, այլև մի շարք եվրոպական պետություններ, ընդգծելով, որ դա կարող է նոր բախումներ հրահրել հակամարտության գոտում: