Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերն էլ շատ լավ հասկանում են, որ այդ խնդիրը հեշտերից չէ, հատկապես, եթե հաշվի առնենք Ադրբեջանի դիրքորոշումը, որը, փաստորեն, չի ձգտում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին նոյեմբերի 23-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերն այն մասին, ԼՂ արագ կարգավորում պետք չէ ակնկալել: «Բաքուն ամեն կերպ փորձում է պահպանել ստատուս քվոն», - հայտարարել է Շավարշ Քոչարյանը:
Ըստ փոխնախարարի, բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն, որը մինչ օրս բացակայում է: «Վստահության մթնոլորտը ենթադրում է այն միջոցառումների իրականացում, որոնց մասին հայտարարվել էր Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում», - ասել է Քոչարյանը, հիշեցնելով, որ 1995 թվականին Ադրբեջանը պարտավորվել էր շփման գծում իրականացնել հետաքննության մեխանիզմների իրականացման միջոցառումներ:
Ըստ ԱԳ փոխնախարարի, եթե Բաքուն կողմ է «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշմանը, ապա, բնականաբար, բանակցությունների արդյունքը կլինի չնչին: «Մինչև Բաքվի դիրքորոշումը չփոխվի, բանակցային գործընթացում առաջընթաց չի կարելի սպասել», - ասել է Շավարշ Քոչարյանը:
Նոյեմբերի 21-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, իր գործընկերներ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին, կփորձի ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Բայց ես չէի ցուցաբերի ավելորդ լավատեսություն, խնդիրը բարդ է և մեր բանակցությունների ամբողջ փորձը վկայում է, որ դրանք, ցավոք, արագ չեն ավարտվի», - եզրափակել է Լավրովը: