Արմինֆո.Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առաջընթաց ապահովելու համար հարկավոր է, որպեսզի խոսքը գործից չտարբերվի:
Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով այն հարցին, թե որն է բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը, եթե և Երևանը, և Բաքուն հայտարարում են առաջընթացի ձգտելու մասին, հիշեցրել է մի քանի փաստ. «Այսպես. Կազանի հայտնի հանդիպումից առաջ արտգործնախարարները 3-4 հանդիպում էին անցկացրել, համաձայնեցվել էր հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի տեքստը: Հանդիպումից 10 օր առաջ ստացվել էին տեքստն ու Ռուսաստանի նախարարի կից նամակն այն մասին, որ տեքստում փոփոխություն չի լինի: Սակայն, Ադրբեջանական կողմը հանդիպման էր ներկայացել 10, գուցե, 12 փոփոխություններով: Եվ դա առաջին դեպքը չէր: Մինչև Կազանը նման բան եղել էր Սոչիում, Աստրախանում, Սանկտ Պետերբուրգում: Չգնամ պատմության խորքը: Որպեսզի չանդրադառնամ բոլոր հանդիպումներին և գագաթնաժողովներին, հիշեցնեմ, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում վերջին հանդիպումների ժամանակ մենք ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել էինք: Ադրբեջանը կրկին հետ քայլ կատարեց: Վիեննայի հանդիպումից հետո վերադառնալով Ադրբեջան` նրանք ասացին, թե ոչ մի բանի մասին չեն պայմանավորվել, և` որ համանախագահները, իսկ դրանք արտգործնախարարներ էին, այպես չեն հասկացել և հայտարարել են, թե ինչ-որ բան ենք պայմանավորվել՚, - ասել է Նալբանդյանը: Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները վերաբերում էին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանն ու ԵԱՀԿ գուրծող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնմանը: Արտգործնախարարը նաև փաստել է, որ դրանից հետո ԵԱՀԿ նախագահող երկիրը բազմիցս կապվել է ադրբեջանական կողմի հետ բավականին բարձր մակարդակով, և նրանք ամեն անգամ հաստատել են, թե` «խնդիր չկա, մենք կհամաձայնենք Կասպրշիկի թիմի ընդլայնման ֆինանսավորմանը՚: «Եվ 4 անգամ Ադրբեջանը շրջափակել է Կասպրշիկի մանդատի ընդլանման ֆինանսավորումը: Դարձյալ` հետ քայլ, և դա առաջին անգամ չէ՚, - ասել է նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին` Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ դրանք հայտնի սկզբունքներ են, որոնց տակ կա նաև Ադրբեջանի ստորագրությունը: «Սակայն, այժմ ադրբեջանցիներն ամեն կերպ հրաժարվում են: Մենք պայմանավորվել էինք հրադադարի շուրջ, ստորագրվել էր 3 համաձայնագիր` 1994 և 1995 թվականներին, և` ի՞նչ: Ադրբեջանցիները բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցներով փորձում են հեռանալ այդ պայմանավորվածություններից: Այսինքն` դա առաջին անգամ չէ: Իհարկե, լավ կլիներ, եթե խոսքերը համապատասխանեին գործերին: Հատկապես` երբ մենք տառացիորեն Ժնևում խոսում էինք այն մասին, որ հարկավոր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու նպատակով, իսկ դա վերաբերում է հենց այն միջոցներին, որոնք համաձայնեցվել էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, իսկ նրանք դա չեն անում՚, - նշել է նախարարը:
Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանը, միջնորդ երկրների նախագահների 5 հայտարարությունների հիման վրա, պատրաստ է շարունակել բանակցությունները` հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու նպատակով, մինչդեռ ադրբեջանցիներն ամեն կերպ ձգտում են այդ 5 հայտարարությունների մասին, ընդհանրապես, չհիշատակել: Նրա ասելով, սա է գործերի իրական վիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հուսանք, որ Ադրբեջանը կփոխի այդ դիրքորոշումը, և իրոք իր ցանկությունը կառարկայացնի գործերում: Հայաստանը երբեք չի նահանջել ձեռք բերված պայմանավորվածություններից և տրամադրված է այսուհետև էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին շարունակել ջանքերը` նպատակաուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՚, - հայտարարել է Նալբանդյանը:
Պատասխանելով դեկտեմբերին ԵԱՀԿ ԱԳՆԽ նիսի հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն առնչվող հարցին` նախարարը նշել է, որ մոտ ժամանակներս պետությունների ղեկավարների հանդիպման հավանականության վերաբերյալ տեղեկություններ չունի:
«Ինչ վերաբերում է ինչ-որ բեկմանը, ապա խոսքը բեկման մասին չէ: Վերջերս ես ասել եմ, որ դժվար է հեծանիվ հայտնագործել: Կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը սեղանին են: Կան մշակումներ, աշխատանքային փաստաթղթեր: Մենք շատ երկար ժամանակ բանակցություններ ենք վարել կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Ադրբեջանն ասում է` մեզ հարկավոր չեն բանակցություններ հիմնական սկզբունքների շուրջ, իսկ դուք ասում եք` ինչ-որ բեկում: Ահա թե որն է հարցը: Սակայն, չնայած Ադրբեջանի այդ, մեղմ ասած, ոչ կառուցողական դիրքորոշմանը, հարկավոր է շարունակել բանակցությունները, քանի որ բանակցային գործընթացի նկատմամբ այլընտրանք չկա՚, - եզրափակել է Նալբանդյանը: