Արմինֆո. Սոչիի հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը կփորձի թուրք գործընկերոջ` Էրդողանի օգնությամբ պայմանավորվածության հասնել Բաքվի նկատմամբ ճնշում գործադրելու վերջնական նպատակով` Ղարաբաղի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշումը մեղմելու համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ղարաբաղյան խնդրի քննարկան մասին: Էրդողանը ենթադրություն է հայտնել, որ եթե Ռուսաստանի իր պաշտոնակիցը կենտրոնանա այդ խնդրի վրա, այն «հեշտությամբ կլուծվի՚:
«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների Սոչիի հանդիպումից հատուկ ակնկալիքներ ունենալու հարկ, ակնհայտորեն, չկա, սակայն, ամեն դեպքում, Անկարայի հետ երկխոսությունը շարունակելու Մոսկվայի ձգտումն ակնհայտ է: Երկու երկրների ղեկավարները պետք է քննարկեն կովկասյան խնդիրները, օրինակ, Թուրքիայի միջամտությունը Նախիջևանի գործերին, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները, Ադրբեջանում թուրքական ռազմակայանը: Սակայն այդ ամենը բնավ չի խոստանում այնպիսի որոշումների կայացում, որոնք ի զորու են արմատապես փոխել իրավիճակը Ղարաբաղի շուրջ՚, - ընդգծել է փորձագետը:
Եվսեևը կարծում է, որ Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոյի ամեն մի բեկում Մոսկվայից կպահանջի, առնվազն, ռեսուրսների կորուստ` Ռուսաստանի ազգային շահերին համապատասխանող նոր ստատուս-քվո հաստատելու նպատակով: Փորձագետի հետևությունն է. Ռուսաստանի շահերից է բխում առկա ստատուս-քվոյի պահպանումը` ավելորդ լարվածությունը նվազագույնի հասցնելու և հակամարտող կողմերի միջև վստահության մակարդակը բարձրացնելու միջոցով:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի ասելով, Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու է նոյեմբերի 13-ին Սոչիում: Նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Սիրիայում առկա իրավիճակը, մասնավորապես` Սիրիայի ժողովուրդների կոնգրեսին և ազգային երկխոսության կոնգրեսին նախապատրաստվելը: Ղարաբաղն Էրդողանի հետ Պուտինի հանդիպման գերակայությունների ցուցակում չէ: