Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու Փոլադ Բյուբյուլօղլուի որոշմանը: «Ամեն բանի վերջն է գովելի։ Փողով ամեն ինչ չէ հնարավոր գնել, ավելին՝ հնարավոր է խայտառակվել։ Ադրբեջանի մյուս նախաձեռնություններին նույն բանն ենք մաղթում»,– գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթերի՚ իր միկրոբլոգում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փոլադ Բյուլբյուլօղլուն հանել իր թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից։ «Ես հպարտ եմ, որ իմ երկրի կողմից առաջադրվել էի որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու: Մինչև ընտրություններն ընկած սեղմ ժամանակահատվածում մենք ինտենսիվ նախընտրական արշավ անցկացրեցինք: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սատարել են այդ բարդ աշխատանքում՚, - գրել է ադրբեջանցի դիվանագետը:
Հիշեցնենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել Ադրբեջանը, Վիետնամը, Եգիպտոսը, Կատարը, Չինաստանը, Գվատեմալան, Իրաքը, Լիբանանը և Ֆրանսիան, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Թեկնածուների թվում կա վեց տղամարդ և երեք կին: Ռուսաստանը բազմիցս հայտարարել էր Փոլադ Բյուբյուլօղլուի թեկնածությունն անվերպահորեն պաշտպանելու մասին: Իսկ Հայաստանը հայտարարել էր, որ դեմ է այդ պաշտոնի համար Բյուբյուլօղլուի թեկնածությանը:
Արմինֆո.