Արմինֆո. Ելք» դաշինքի հակառուսական նախաձեռնությունը նպաստում է իշխանության՝ նախագահ Սերժ Սարգսյանից վարչապետ Սերժ Սարգսյանին հանձնմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը:
Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնությունը հոկտեմբերի 4-ի նիստում մերժել է ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այսօր, ընդհակառակը, խորացման փուլում է գտնվում:
«Հայաստանի VI գումարման Ազգային ժողովը, ըստ էության, արևմտամետ ուժեր չի պարունակում, պատգամավորներն ընդհանուր առմամբ ռուսամետ ուժեր են ներկայացնում: Մոսկվային հանրապետության իշխանությունների գործնականում լիակատար ենթակայության լույսի ներքո՝ նման նախաձեռնությունից ակնկալել իրական արդյունքներ՝ Հայաստանի եվրասիական ինտեգրման կասեցման տեսքով, չենք կարող: Հայաստանում նման նախաձեռնությանն իրական հեռանկարներ հաղորդելու համար առնվազն անհրաժեշտ է իշխանափոխություն իրականացնել»,- համոզված է քաղաքական գործիչը:
Այս առումով Մարտիրոսյանը «Ելքի» «անջատվողական» նախաձեռնությունները դիտարկում է բացառապես ներքաղաքական գործընթացների լույսի ներքո: Ըստ նրա, Երևանի արտաքին քաղաքական իրական օրակարգը ձևավորվում է ոչ խորհրդարանի պատերի ներսում: Նրա խոսքով, «Ելքի» կենտրոնախույս նախաձեռնությունը ձեռնտու է և բխում է Հայաստանի գործող նախագահի շահերից, ով մտադիր է հետագայում վարչապետ դառնալ:
«Նման նախաձեռնությունների միջոցով Սարգսյանը հերթական անգամ իր գինն է բարձրացնում մոսկովյան հովանավորների առջև՝ հերթական անգամ ընդծելով, թե որքան դժվար կլինի նրանց առանց իրեն գործ ունենալ հայերի հետ: Նման իրավիճակը ներկայիս իշխանությանը լիովին ձեռնտու է, ինչին անցյալում բազմիցս ականատես ենք եղել»,- ամփոփել է Մարտիրոսյանը: