Արմինֆո. Լեռնային Ղարաբաղը երբեք ադրբեջանական չի եղել: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը` Սպտեմբերի 30-ին «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով Երեւանում անցկացված ՀԱՊԿ միջխորհրդարանական լսումների շրջանակում։
Նա հիշեցրել է, որ 1921 թվականին Լեռնային Ղարաբաղն ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին, և այդ պահից սկսած պայքարում է իր ազատության և անկախության համար: «Ղարաբաղն ավելի շուտ է անկախացել, քան Ադրբեջանը հայտարարել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին՚, - նշել է Խոսրով Հարությունյանը: Անդրադառնալով հիբրիդային պատերազմին` Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է մտածեն հիբրիդային պատերազմների ազդեցությանը դիմակայելու մասին:
«Հիբրիդային պատերազմ տերմինն ի հայտ եկավ 2005 թվականին՝ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության փաստաթղթերում: Ողջ իմաստն այն է, որ այս տեսակ պատերազմը ենթադրում է, որ բացի զուտ ռազմական ուժի կիրառման ճանապարհից, հակառակորդի վրա ազդեցություն թողնելու այլ հնարավորություններ ու մեխանիզմներ կան՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական և այլն։ Այսօր հիբրիդային պատերազմը կարևոր է ոչ միայն միջպետական հարաբերությունների համատեքստում, այլև հակամարտությունների ընաթցքում՚, - ասել է նա, հավելելով, որ յուրաքանչյուր երկիր սեփական անվտանգության համակարգի արդյունավետությունը ապահովելու համար պարտավոր է մտածել սեփական անվտանգության համակարգի կատարելագործման մասին` որպեսզի կարողանա արդյունավետ դիմակայել այդ հիբրիդային ազդցությանը և ապահովի սեփական անվտանգությունը:
Միջխորհրդարանական լսումների ժամանակ ընթերցված զեկույցներն առնչվել են հիբրիդային պատերազմներին դիմակայության իրավական ապահովումը, «Մեծ Եվրասիա՚ նախագծի աշխարհաքաղաքական ռիսկերն ու հնարավորությունները, բալկանյան փորձը հիբրիդային պատերազմներում և այլ թեմաներին: Լսումներին որպես դիտորդ ներկա են եղել Սերբիայի ներկայցուցիչներ: