Արմինֆո.ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խուսափում են սեփական պարտավորություններից, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունների ամբիցիաների և ագրեսիվ-ռազմատենչ հռետորության զսպան առնչությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
1992 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների կողմից: Ներկայում կարգավորման գործընթացը հիմնվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում ներկայացված և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք ենթադրում են նաև խաղաղապահ զորակազմի տեղակայում հակամարտության գոտում:
«Դա ակնհայտորեն դրսևորվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի և, հատկապես, Ադրբեջանի նախագահների նյույորքյան ելույթներին որևէ արձագանքի բացակայությամբ: Գործնականում հայտնի չէ դեպք, երբ հակամարտության կողմերը, վիրավորելով միմյանց, զուգահեռաբար փորձեին բանակցություններ վարել՝ իրենց նախագահների ելույթներին երկու երկրների հասարակությունների ծափահարությունների լույսի ներքո»,- հայտարարել է վերլուծաբանը:
Սաֆարյանի կարծիքով, նման հանդգնությունը շատ բաներում Մինսկի համանախագահների պասսիվության հետևանք է, որոնք նույնիսկ չեն փորձում զսպել ադրբեջանական ռևանշիզմի փորձերը: Համանախագահների նման պասսիվությունը, ըստ նրա, խիստ բացասաբար է անդրադառնում հակամարտության հայկական կողմի դիրքորոշումների վրա:
Վերլուծաբանն անհրաժեշտ է համարում Հայաստանի իշխանությունների կողմից անմիջապես Մինսկի խմբից այդ հարցի առնչութամբ պատասխան ստանալու հարցում հետևողականության դրսևորում, քանի որ համանախագահների լռության լույսի ներքո՝ Բաքվի անպատիժ վարքագիծը միայնակ է թողնում Հայաստանին՝ տարածաշջանում խաղաղության պահպանման նպատակով բանակցությունների վերսկսման իր առաջարկներով: