Արմինֆո. Եվրամիությունը չի ցանկանում աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` «Արևելյան գործընկերության հեռանկարները՚ խորհրդաժողովում:
«Մնք չենք կարող ընդունել այն իրողությունը, որի դեպքում տարածաշրջանի ինչ-որ մասը դառնում է ինչ-որ մեկի բացարձակ ազդեցության տարածք: Մենք չենք ցանկանում վերադառնալ մեր գորընկերների հետ զրոյական կետի: Մենք չենք ցանկանում խաղեր խաղալ՚, - հայտարարել է նա:
Ընդ որում, դեսպանը հավաստիացրել է, որ Բրյուսելի գագաթնաժողովից հետո, որի ընթացքում նախատեսվում է ԵՄ և Հայաստանի միջև խորը և համապարփակ գործընկերության շուրջ պայմանագրի ստորագրում, հանրապետության համար դրական միտումներ կնախանշվեն:
Այդուհանդերձ, դեսպանը նշել է, որ նախորդ գագաթնաժողովի դառը փորձից հետո փոխվել են ինչպես գործընկերության նախաձեռնողների, այնպես էլ նրանց գործընկերների տրամադրությունները: «Այսօր առկա է ակնկալիքների և նկրտումների միանգամայն այլ մակարդակ՚, - նշել է նա, հավելելով, որ ընդհանուր առմամբ, մեծ չեն ակնկալիքները նաև բուն «Արևելյան գործընկերություն՚ ծրագրից, որի հիմնական նպատակը, նրա ասելով, գործընկեր երկրների տնտեսությունների կայունացումն է:
Ինչ վերաբերում է Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին, ապա դեսպանը նշել է, որ կողմերի միջև պայմանագրի ստորագրումից և այն բանից հետո, երբ «Հայաստանը լավ կատարի իր տնային աշխատանքը՚, կգա այդ օրը: Նա նաև մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ «Արևելյան գործընկերության երկրները չափազանց թույլ են փոխգործակցում միմյանց հետ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, իր հերթին, նշել է, որ հայ հասարակության և քաղաքական ուժերի միջև զարգանում է տրամադրությունների դիսսոնանս: Նրա ասելով, իր գլխավորած կենտրոնի կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ հայ հասարակության մեծ մասը հայացքն ուղղում է դեպի Եվրոպա, մինչդեռ հանրապետության քաղաքական ուժերի ընդամենը 5 տոկոսն ունի արևմտամետ կողմնրոշում: «Այսինքն` հանրապետության քաղաքակա ուժերը չեն արտացոլում հասարակության տրամադրություններն ու հայացքները, ուստի և չեն կարող իրենց հետևից զանգվածների տանել՚, - ամփոփել է նա: