Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ։
ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 29-ին՝ 15:30-ին, «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ պատանդ է վերցրել Երեւան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակչուհու՝ ծնված 1993թ.։ Մինչ այդ նա կոտրել է նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը:
Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների, ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։
Կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել, եւ տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Պատանդ վերցված կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է Առողջապահության նախարարությունում, պատանդ պահված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կինը գտնվում է սթրեսային վիճակում, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ և դանակի հարվածներ:
Ինչպես հայտնի է դարձել ԶԼՄ-ներին, վնասազերծված հանցագործը Գոռ Հակոբյանը՝ ծնված 1983 թ., ներկայումս ԱՄՆ-ում բնակվող «Կայարանցի Բիբոսի» որդին է: Ավելի վաղ Հակոբյանը նույնպես ԱՄՆ-ում էր բնակվել, սակայն ամերիկյան իշխանությունները նրան արտաքսել էին Հայաստան:
Արմինֆո. Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում աղջկան պատանդ վերցրած և ոստիկանական դիպուկահարի կողմից վնասազերծված հանցագործը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Ոստիկանությունում: