Արմինֆո.Ադրբեջանի ԱԳն է կանչվել այդ երկրում Պորտուգալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը` այս ամսվա կեսին պորտուգալացի խորհրդարանականի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, պորտուգալացի դիվանագետին մտահոգություն է հայտնվել Պորտուգալիայի խորհրդարանի անդամ Ռուբինա Բերարդինի Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցի» առնչությամբ: Պորտուգալացի դիվանագետն, իր հերթին, նշել է, որ այցը եղել է մասնավոր բնույթի: Նրա հավաստմամբ, Պորտուգալիայի ԱԳՆ կայքում զետեղված է տեղեկատվություն, որում երկրի քաղաքացիներին կոչ է արվում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ այցեկությունից: Պորտուգալացի դիվանագետը հավաստիացրել է, որ երկրի ղեկավարությանը տեղյակ կպահի ադրբեջանական կողմի մտահոգության մասին: Նա նաև հայտարարել է, որ Պորտուգալիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը` «միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը, Բերարդինը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ «անցանկալի անձանց ցուցակում»: