Արմինֆո.Արցախի Պաշտպանության բանակը մանրամասն ապացուցել է, որ Արցախի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինվորականների դեմ սպիտակ ֆոսֆոր կիրառելու Բաքվի մեղադրանքներն անհիմն են: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով բուլղարական «Տրուդ» պարբերականի հրապարակմանը, որ Բաքուն կարող էր կեղծել հայկական ԶՈւ կողմից ադրբեջանցի զինվորականների նկատմամբ սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին տվյալները:
«Արցախի պաշտպանության բանակը մանրամասն ապացուցել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են: Իսկ այն, որ Ադրբեջանը զբաղվում է հնարավոր ամեն բանի կեղծմամբ, նորություն չէ»,- ասել է Բալայանը:
Հուլիսի 3-ին բուլղարական «Տրուդ» պարբերականը հրապարակել է թղթակից Դիլյանա Գայտանջիևայի հետաքննություն այն մասին, որ Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների անվան տակ սպառազինությունների 350 մատակարարում է իրականացրել: Ամեն անգամ դիվանագիտական հովանու ներքո տասնյակ տոննա սպառազինություն է մատակարարվել, այդ թվում՝ Սիրիայի արմատական իսլամիստների, ինչպես նաև, ենթադրաբար, քրդական ուժերի համար: Բաքվի կողմից զենքի տեղափոխումը հաստատող փաստաթղթերը բուլղարացի լրագրողուհուն են փոխանցել Anonymous Bulgaria անվան ներքո գործող հաքերները: Դրանց թվում է՝ Բուլղարիայի ԱԳՆ և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան և եվրոպական շատ երկրների, ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և ԱՄԷ միջև նամակագրությունը: Հոդվածում խոսվում է նաև Ադրբեջան սպիտակ ֆոսֆորի մատակարարման մասին, որն իբր նախատեսված է եկել Աֆղանստանի ազգային ոստիկանության համար: «2016 թ. Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ: Հայաստանը հերքել է մեղադրանքները և հայտարարել կեղծիքի մասին, քանի որ այն հիմնված էր միայն չպայթած մեկ արկի վրա, որոնք հայտնաբերել են ադրբեջանցի զինվորականները: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերից ելնելով՝ Ադրբեջան սպիտակ ֆոսֆոր պարունակող արկեր են մատակարարվել 2015 թվականին»,- ասվում է բուլղարական պարբերականի հրապարակման մեջ: