Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն մեկ ճանապարհ է տեսնում:
Այսպես, Կալինինգրադի Կանտի անվան բալթյան դաշնային պետհամալսարանում Լավրովը, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականին առնչվող հարցին, հայտարարել է. «Միայն պայմանավորվել. այլ ճանապարհ չկա»: Նա նշել է, որ տևական բանակցային գործընթացում կա պայմանավորվածություն, որը տարբեր ձևեր է ընդունել: «Բազմաթիվ անգամներ մենք մոտ ենք եղել հանգուցալուծմանը (նույնիսկ` մեկնած ձեռքի հեռավորությամբ), հետո գործել է անվստահության ինչ-որ բնազդ` մերթ մեկ, մերթ մյուս կողմից: Սակայն աշխատանքը հարկավոր է շարունակել: Հասկանալի է, որ կան ինչ-որ սկզբունքներ, որոնց բոլորը հավանություն են տվել , սակայն հարցը մանրամասներն են», - նշել է Լավրովը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ տարբեր փուլերում հանգուցալուծման շուրջ կողմերի համաձայնության առկայության դեպքում անհրաժեշտ է նախօրոք համաձայնեցնել չափազանց բարդ մանրամասների մի ողջ շարք, որոնք շոշափում են կողմերի համար նուրբ հարցեր, այդ թվում` ներքաղաքական: Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը շարունակում է ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և «եռյակի» փորձագետները պարբերաբար այցելում են Բաքու, Երևան ու Ստեփանակերտ: «Այժմ մեզ մոտ վերահերթափոխում կլինի, քանի որ ԱՄՆ և Ֆրանսիայի նոր նախագահները դեռ պետք է նշանակեն իրենց նոր ներկայացուցիչներին: Այդ «եռյակի» շրջանակում կմտածենք, թե ինչպես հաղթահարել արտաքուստ մանր, սակայն չափազանց լուրջ մանրամասները, որոնք առայժմ համաձայնեցված չեն», - ամփոփել է Լավրովը: