
Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ամերկայի հայ ազգային կոմիտեի մամուլի ծառայությունից, բանաձևում նաև կոչ է արվում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար:
«Թիվ 354 բանաձևում ասվում է, որ Կոնգրեսը խստորեն դատապարտում է նախորդ ամսին թուրք թիկնապահների գործողությունները և պահանջում, որպեսզի Թուրքիան անհապաղ դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկի բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ԱՄՆ քաղաքացիների և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ հարձակմանը: ԱՄՆ Պետդեպարտամենտին և գաղտնի ծառայությանը կոչ է արվում վերանայել անվտանգության ապահովման ընթացակարգերը և տրամադրել դրանք թուրքական կողմին, որպեսզի այդ երկրի պաշտոնական անձինք հստակ պատկերացնեն, թե ինչպես պետք է գործեն իրենց անվտանգության խմբերն ԱՄՆ տարածքում», - ասվում է ANCA հաղորդագրությունում: Բանաձևում նաև կոչ է արվում պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև։ Էրդողանի թիկնապահները և աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Միջադեպի արդյունքում տուժել էր 10 խաղաղ ցուցարար: Ոստիկանությանը հաղջովել էր ձերբակալել բռնության համար կասկածվող երեք անձանց: Միջադեպը մեծ հակազդեցություն էր հարուցել ԱՄՆ հասարակաքաղաքական շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անթույլատրելի էր համարել թուրք իրավապահների գործողությունները` խոստանալով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների և հայտարարությունների` Անկարան խորհրդատվությունների համար հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Սերդար Քըլըչին: