Արմինֆո. Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցում նշված չեն լարվածության և պատերազմի միջև տարբերությունները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հունիսի 2-ին Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է «Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվել» 40 էջանոց զեկույցը, որի հեղինակների համաձայն, ղարաբաղյան հակամարտության կողմերն ավելի մոտ են Ղարաբաղում պատերազմին, քան երբևէ` հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր ավելի քան 20 տարվա ընթացքում: ՄՃԽ վերլուծաբանները նաև կարծում են, որ նման զարգացման դեպքում հակամարտության մեջ կներքաշվեն տարածաշրջանի երկու հիմնական տերությունները` Ռուսաստանն ու Թուրքիան:
«Զեկույի վերլուծական մասում ճիշտ է նշվում, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում բռնության մակարդակի աճը, նոր մակարդակների էսկալացիայի առաջացման վտանգը: Ընդ որում, լիովին բացակայում է էսկալացիայից լայնամասշտաբ պատերազմի անցման ապացույցների բազան, որի մեծ վտանգը կանխադրվում է զեկույցում: Իսկ էսկալացիաների քանակական և որակական ավելացման փաստից լայնածավալ պատերազմի հնարավորության հետևություն անելը ճիշտ չէ` մեթոդաբանության առումով», - կարծում է քաղաքագետը:
Ընդ որում, Իսկանդարյանը կարծում է, որ հակամարտող կողմերի ռազմատեխնիկական հաշվեկշռի դինամիկայի մանրակրկիտ վերլուծությունը, հնարավոր է, թույլ տար հանգել ճիշտ հակառակ հետևության, որի համաձայն, լայնածավալ պատերազմի սպառնալիքը դարձել է պակաս սուր` քան մեկ տարի առաջ: Քաղաքագետի գնահատմամբ, պատերազմի մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներքաշման հնարավորության աստիճանի մասին ՄՃԽ վերլուծաբանների թեզիսը, ամենայն հավանականությամբ, աշխատում է պատերազմի վտանգի նվազեցման օգտին:
«Վերջ ի վերջո, ես, պարզապես, չեմ հասկանում, թե միայն շփման գծում աճող լարվածության այդ ինչ պատճառներից են ՄՃԽ վերլուծաբանները փաստում պատերազմի հավանականության մեծացում: Պատերազմն ու լարվածությկունը միանգամայն տարբեր բաներ են, քանի որ պատերազմի սանձազերծման համար պահանջվում են բոլորովին այլ պայմաններ, ռեսուրսներ, որոշումների կայացման մակարդակ` ինչն այսօր չկա», - կարծում է նա:
Քաղաքագետը, միևնույն ժամանակ, հնարավոր է համարում լարվածության լուրջ աճ, սակայն` ոչ շատ հավանական, հաշվի առնելով, որ նման ռազմավարությունը շատ թանկ կնստի Ադրբեջանի վրա, որը վերջին 5-6 տարում 20-30 մլրդ դոլար է ծախսել:
«Կարող եմ ենթադրել, որ եթե Բաքվում իրոք ձգտեին պատերազմի, անխուսափելիորեն դրան կվերաճեին անցյալ տարվա ապրիլի բախումները: Սակայն այնտեղի ղեկավարությունն այն ժամանակ դրան չգնաց և, առավել ևս, դրա վճռականությունը չի ունենա այժմ` լայնամասշտաբ պատերազմի նախադրյալների և պայմանների բացակայության դեպքում», - ամփոփել է քաղաքագետը: