Արմինֆո. Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի ընկած ժամանակահատվածում: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ասուլիսն սկսվել է փառատոնի պաշտոնական ազդագրի՝ արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընդգծել են տարիների համագործակցության կարևորությունը և մանրամասնել 14-րդ փառատոնի որոշ ծրագրերի մասին: Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցույթային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման և փակման ֆիլմերը:
Փառատոնի բացմանը ցուցադրվելու է 1927թ. նկարահանված, ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը՝ Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: Այս տարի լրանում է ֆիլմի 90 ամյակը: Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է:
Փակման համար ընտրվել է այս տարի նկարահանված, Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Տրայբեկայի կինոփառատոնում: Ռեժիսորն, ի դեպ, հանդիպում է պատմաբանների և գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:
Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցույթային և արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազանտեսականի`Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգայինստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: