Արմինֆո.ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը կազմակերպության՝ մայիսի 26-29-ը Վրաստանում կայացած գարնանային նստաշրջանի ժամանակ հանդես է եկել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ սադրիչ հայտարարություններով:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները բարձրացրել են հայկական զինված ուժերի կողմից «իրենց տարածքներն օկուպացնելու» հարցերը: «Ի պատասխան՝ մենք հայտարարել ենք, որ Ադրբեջանն է զավթել հայկական հողերը` Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը և նկատել ենք նաև, որ մեր նպատակն ամենևին էլ Ադրբեջանի պատվիրակության սադրիչ վարքագծին արձագանքելը չէ, մենք հստակ առաջնորդվել ենք այն օրակարգով, որը նախատեսված է եղել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի տարբեր հանձնաժողովների շրջանակներում»,- ասել է պատգամավորը:
Խորհրդարանականի խոսքով, նստաշրջանի մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի հետ համագործակցության մակարդակը: Հայկական պատվիրակությունն իր հերթին առաջարկել է ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության ծրագրի գործիքակազմը: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոստացել է քննարկել մեր պատվիրակության առաջարկը և կարճ ժամկետներում պատասխանել դրան»,-նշել է Նահապետյանը:
Նիստում խոսվել է նաև «Արևելյան գործընկերության» տարածությունում հակամարտությունների մասին: Վրաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ դրանցում ներգրավված է Ռուսաստանը: Հայ պատգամավորները հերքել են այդ կարծիքը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությանը՝ այն ոչ մի կերպ հակամարտությունում ներգրավված չէ:
«Ադրբեջանի պատվիրակները բարձրացրել են Հայաստանին ռուսական զենքի, այդ թվում՝ «Իսկանդեր» համալիրների արտոնյալ մատակարարումների հարցը: Ակնհայտ է, որ այդ գործընթացը շատ է հուզում Բաքվին: Մենք մեր հերթին հիշեցրել ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների հետ Ադրբեջանի բազմամիլիոն զենքային գործարքների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը փորձում է միայն ապահովել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, բայց սպառազինությունների մրցավազքի գործընթացը Երևանի գերակայությունների մեջ չի մտնում»,- ասել է Նահապետյանը: