Արմինֆո.Համագործակցության երկկողմ և եռակողմ ձևաչափերի ձևավորումը՝ Իրանի մասնակցությամբ և Թուրքմենստանի ներգրավմամբ, թույլ կտա բարձրացնել Հայաստանի քաղաքական դերը տարածաշրջանում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը: Որպես օրինակ՝ նա նշել է Հայաստան-Իրան-Թուրքմենստան գազային համաձայնագիրը:
«Այս տեսակետից Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի վերընտրվելը Հայաստանի համար բարենպաստ գործոն է, քանի որ Թեհրանը կշարունակի այդ նախագծերի իրականացման շուրջ համագործակցությունը Երևանի հետ»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ Ռոուհանիի վերընտրմամբ առաջիկա տարիներին Իրանի արտաքին հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի:
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունների լոկոմոտիվը էներգետիկ ոլորտն է, և պատահական չէ, որ արդեն կառուցվում է էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ գիծը: Ըստ որում, փորձագետն ընդգծել է նաև նոր հաղորդակցման ուղիների հաստատմանրևորությունը: «Իրանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր ճանապարհային գոտի, և մենք պետք է հնարավորինս արագ իրականացնենք դրա բաղադրիչներից մեկի՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը՝ օգտվելով հանգամանքից, որ իրանա-ադրբեջանական երկաթգիծը չի կառուցվում, քանի որ չի հատկացվել Ադրբեջանի կողմից խոստաված գումարը,և քանի որ ադրբեջանական բանկը, որը խոստացել էր հատկացնել այդ գումարը սնանկացել է, այդ նախագիծը մնացել է օդում կախված»,- նշել է Ոսկանյանը:
Հայկական կողմի համար, շարունակել է նա, լրացուցիչ հնարավորություններ են բացվել։ «Մենք պետք է կարողանան օգտվել պահից՝ Հայաստանն ու Իրանը միմյանց կապող երկաթգծի կառուցման համար քայլեր ձեռնարկելով», -ավելացրել է Վարդան Ոսկանյանը։
Նա նաև հավաստիացրել է, որ Իրանի նման երկրի հետ պատժամիջոցների ու սպառնալիքների լեզվով խոսակցություններն արդեն պատմություն են: Անդրադառնալով Իրանին մեկուսացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կոչին՝ Վարդան Ոսկանյանը նշել է. «ԱՄՆ-ը Իրանի հետ հարաբերություններում իր դիրքերն ամրապնդելու խնդիր ունի: Թեհրանն, անշուշտ, խնդիրներ ունի Սաուդյան Արաբիայի, արաբական որոշ երկրների հետ, բայց այդ երկրներն Իրանին մեկուսացնելու հնարավորություն չունեն: Դա քաղաքականապես ձեռնտու չէ իրենց և վտանգավոր է ռազմական տեսակետից»: