Արմինֆո.Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները լավագույն ցուցանիշն են այն բանի, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ընտրությունների առնչությամբ առաջին նախագահ և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունը:
«Լավագույն ցուցանիշն այն բանի, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով, անցած ընտրություններն են, որոնց ընթացքում ներդրվեցին նոր և ժամանակակից տեխնիկական միջոցներ: Ավելին, ընտրություններում հսկողություն իրականացնող ոչ մի միջազգային կազմակերպություն հարցականի տակ չդրեց ընտրությունների արդյունքները»,- նշել է նա:
Առաջին նախագահ և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ «ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, եւ ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը եւ հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։ Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը»,- ասել է նա: