Արմինֆո. 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀԱԿ մամուլի ծառայությունից, այդ օրինախախտումները ներառում են.
Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակումը։
Ընտրակաշառքի զանգվածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի ապօրինի հավաքումը, իրավապահ մարմինների անգործությունը:
Դաշինքի հայտարարության մեջ ասված է. «Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով և կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառումը: Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումների կատարումը։ Տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումները և անկառավարելի վիճակի ստեղծումը, այդ կապակցությամբ ոստիկանության անգործությունը:
Քվեարկության գաղտնիության համատարած խախտումը, ներառյալ վերահսկված ու բաց քվեարկությունը, այդ թվում գունավոր գրիչների, գունավոր և համարակալած թղթիկների կիրառման միջոցով: Ընտրողների բացահայտ ապօրինի ուղղորդումը, ինքնուրույն քվեարկելու խնդիրներ ունեցող ընտրողներին օգնելու դրույթի չարաշահումը:
Քվեարկության ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողությունը խոչնդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը` քվեարկության օրվա 7.00-ից 13.00-ը ընկած ժամանակահատվածում, ինչը համընկավ ընտրողների ակնհայտորեն կազմակերպված գերակտիվ հոսքի հետ:
Կրկնակի քվեարկության բազմաթիվ արձանագրված դեպքերը։
Բռնության և ահաբեկման դեպքերը լրագրողների, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ:
Այսպիսով, հաշվի առնելով, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ և կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը,
Նպատակ ունենալով հանարավորություն տալ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին,
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ և Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով»,-ասված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարության մեջ: