Արմինֆո. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Նոր Հայաստան» շարժման համակարգող Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հայտարարությամբ:
«Հիմա հուսահատվելու ժամանակը չէ։ Վարչախումբը միլիոնավոր դոլարներ ծախսեց խորհրդարանական ընտրություններում իր ուզած արդյունքը ստանալու համար, սակայն այն, ինչ ստացավ իրականում, քաղաքական իմաստով նույնիսկ կես ցենտ չարժե: Ընտրակաշառքը արժեզրկեց վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզարշավը եւ ոչնչացրեց հանրության մոտ եղած բարեփոխումների սպասումները։ Դա նշանակում է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու խնդիրը մնում է չլուծված։ Տեղի ունեցած խոշոր խարդախությունը նման է ուռճացած փուչիկի, որը ցանկացած պահի կարող է տրաքել։ Վստահ եմ, որ քաղաքացիական դիտոդները հետեւողականորեն շարունակում են ամփոփել այն բոլոր տեղեկությունները, որոնք հավաքագրել են ընտրությունների ժամանակ։ Տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ ճշգրիտ պատկերացումը ռազմավարական նշանակություն ունի մեր ժողովրդի ապագայի համար։ Իշխանության բռնազավթումը արդարացնելու նպատակով, իշխող վերնախավը դիմեց վերջին միջոցին՝ փորձեց հայ ժողովրդին միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ անբարոյական, վախկոտ, կաշառակեր մարդկանց հանրության։ Վարչախմբի նման քայլը հիմք է տալիս մեր ժողովրդի թշնամիներն պնդելու, որ հայերի մեծամասնությունը չունի քաղաքացիական պատասխանատվություն եւ զուրկ է ինքնորոշվելու հատկությունից, ուստի պահանջները Թուրքիային եւ Ադրբեջանին՝ ճանաչել հայերի ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը, արժանի չէ բավարարման։ Ժողովուրդը պետք է արձագանքի այս մարտահրավերին եւ ցուցաբերի համախմբված դիմադրություն` ազգային արժանապատվությունն ու հանրային բարոյականությունը պաշտպանելու համար։ Ընդդիմությունն իր քայլերով պետք է ցույց տա, որ հուսահատված չէ եւ շարունակում է պայքարը իշխանության բռնազավթման դեմ»,- ասված է Ղուկասյանի հայտարարության մեջ:
«Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է գտնվում նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար: