Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Պուտինի հեռագրում ասվում է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է: Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական հեռագրում»:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելկք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: