Արմինֆո.«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ակտիվիստ Դանիել Իոնեսյանը զարմացած չէ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԱՊՀ դիտորդական առաքելության դրական գնահատականից, սակայն օբյեկտիվ չի համարում այն:
«Եթե անցկացված ընտրությունները համեմատենք Տաջիկստանում, Ուզբեկստանում, Բելառուսում և Ռուսաստանում ընտրական գործընթացների հետ, գնահատականը, անշուշտ, դրական կլինի, սակայն մենք ձգտում ենք ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի, և մեզ համար այդ երկրները չպետք է օրինակելի լինեն»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ ընտրություններն անցկացել են բազմաթիվ խախտումներով, որոնք անդրադարձել են արդյունքների վրա, հետևաբար՝ դրանք չի կարելի դրական գնահատել:
Նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն իր հերթին նշել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը, որ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը կարող է մարդու իրավունքների խախտում հանդիսանալ, անտրամաբանական է, քանի որ այդ մեխանիզմն օգնում է բացառել կամ նվազեցնել բազմակի քվեարկության հնարավորությունները: Հակոբյանը նշել է, որ արդեն նյութեր են պատրաստվում արձանագրված խախտումների վերաբերյալ և կփոխանցվեն ընտրահանձնաժողովներին, իսկ այնուհետև՝ ԿԸՀ-ին: Նրա կարծիքով, նախօրեին արձանագրվել է ընտրողների կասկածելի բարձր մասնակցությունը:
ԱՊՀ դիտորդների կարծիքով, տեխնիկական նորամուծությունները որոշ չափով դժվարացրել են ընտրության գործընթացը, այդուհանդերձ, դիտված թերություններն էական դեր չեն կատարել: «Մեր գնահատմամբ, ընտրական օրենսդրության այդ տեխնիկական նորամուծությունները գործընթացը դարձրել են ավելի թափանցիկ և կեղծարարությանն առավելագույնս խոչընդոտող: Նշանակում է, իշխանությունների առաջադրած նպատակն իրագործվել է առավելագույն աստիճանով», - հայտարարել է է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կեմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: Արդյունքում, առաքելության գնահատմամբ, ընտրություններն անցել են հանգիստ և կազմակերպված: «Նույնիսկ, որոշակի իմաստով, հայ գործընկերները գերազանցել են եվրոպական որոշ երկրների, որոնք փորձում են մեզ ժողովրդավարություն սովորեցնել», - նշել է Լեբեդևը՝ հավելելով, որ հայկական փորձից կօգտվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 2009 տեղամասերի տվյալների հիման վրա: Ներկայացված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%:
«Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: