Արմինֆո.«Ապրիլի 2-ին Հայաստանի ԱԺ ընտրություններն անցել են բաց և թափանցիկ մթնոլորտում», - ապրիլի 3-ին Երևանում լրագրողներին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կեմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը` Համագործակցության գործընկերներին կոչ անելով սովորել Հայաստանի իշխանություններից:
Մարտի 14-ից ԱՊՀ դիտորդական առաքելության 172 ներկայացուցիչներ հետևել են ընտրությունների նախապատրաստմանը, սակայն մինչ այդ էլ, Լեբեդևի ասելով, իրենք ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով հետևել են գործընթացին, քանզի հասկացել են, որ այն նորամուծությունները, որոնք ներրդվել էին Հայաստանի ընտրական օրենսդրությունում, նոր են ողջ ԱՊՀ համար: «Մեզ համար հետաքրքիր էր, թե այդ նորամուծություններն ինչպես իրենց կդրսևորեն իրական կյանքում», - խոստովանել է առաքելության ղեկավարը: Ու թեև, առաքելության ներկայացուցիչների խոստովանությամբ, տեխնիկական նորամուծությունները որոշ չափով դժվարացրել են ընտրության գործընթացը, այդուհանդերձ, դիտված թերություններն էական դեր չեն կատարել: «Մեր գնահատմամբ, ընտրական օրենսդրության այդ տեխնիկական նորամուծությունները գործընթացը դարձրել են ավելի թափանցիկ և կեղծարարությանն առավելագույնս խոչընդոտող: Նշանակում է, իշխանությունների առաջադրած նպատակն իրագործվել է առավելագույն աստիճանով», - հայտարարել է նա: Արդյունքում, առաքելության գնահատմամբ, ընտրություններն անցել են հանգիստ և կազմակերպված: «Նույնիսկ, որոշակի իմաստով, հայ գործընկերները գերազանցել են եվրոպական որոշ երկրների, որոնք փորձում են մեզ ժողովրդավարություն սովորեցնել», - նշել է Լեբեդևը, հավելելով, որ հայկական փորձից կօգտվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում:
Դիտորդները չեն կարծում, թե ՀՀԿ չարաշահել է վարչական ռեսուրսը: Նրանց համոզմամբ, բոլոր քաղաքական ուժերին ընձեռվել են հավասար իրավունքներ և հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, Լեբեդևի ասելով, ընտրական օրենսդրությունն և բուն ընտրությունների կազմակերպումը ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիների իրավունքն ու կամարտահայտության ազատությունն ընտրությունների ընթացքում ապահովվ ել են:
Ռուսաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Իգոր Չեռնիշենկոն, իր հերթին, ասել է, որ «ի պատիվ հայ գործընկերների, իրենք տեսել են գործընթացի հստակ կազմակերպում, իսկ մանր-մունր անհարթությունները չեն հանգեցրել քվեարկության իրական արդյունքների նենգափոխման»:
Առաքելության ներկայացուցիչները նաև նշել են ընտրական գործընթացի նկատմամբ պատգամավորության թեկնածուների կառուցողական մոտեցում: «Նրանք բոլորը դրսևորել են իմաստութուն և հասունություն և առաջին պլան են մղել Հայաստանի շահերը», - հայտարարել է Լեբեդևը: Իսկ ԱՊՀ ԽՎ խորհրիդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի ասելով, առաքելությունը քաղաքական ուժերի շտաբներից ոչ մի էական դիտողություն չի ստացել: Ելնելով վերն ասվածից` առաքելության ներկայացուցիչները նշել են, որ խորհրդարանի ընտրություններն անցել են սահմանադրությանը, ընտրական օրենսդրությանն ու ժողովրդավարության նորմերին համապատասխան: «Առաքելությունը կարծում է, որ իշխանության և ՏԻՄ մարմիններն ապահովել են ոչ միայն քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը, այլև բարձրացրել են ընտրությունների ինստիտուտի նկատմամբ ընտրողի վստահությունը», - եզրափեակել է Սերգեյ Լեբեդևը: