Արմինֆո.Եղել են նորագույն տեխնիկայի աշխատանքի խափանման դեպքեր, որը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում ընտրություններում կեղծարարությունը նվազագույնի հասցնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ նխաագահ Տիգրան Մուկուչյանը` լրագրողների հետ զրույցում:
Ինչպես հաղորդել է ԿԸՀ նախագահը, Ժամը 08.00-ին Հայաստանի ողջ տարածքում սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Քվեարկությունն ընթանում է նորմալ: Նրա ասելով, ընտրական տեղամասերը 2009-ն են, ընդ որում, դրանցից 12 կբացվեն ավելի ուշ` ՔԿՀ-ներում:
ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ հանրապետությունում առաջին անգամ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումերի օգնությամբ: Տեղադրվել է, ընդհանուր առմամբ, 4000 սարք: Ընդ որում, Մուկուչյանը հայտարարել է տեխնիկայի աշխատանքի խափանման դեպքերի մասին: «Մեկ դեպքում տեխնիկական սարքավորման կիրառմամբ ընտրողների գրանցում իրականացնող մասնագետին փոխարինել են` առողջական խնդիրների պատճառով: Լոռու մարզի երկու տեղամասերում տեխնիկական սարքավորումները խափանվել են, և գրանցումն իրականացվում է համարակալված կտրոններով», - նշել է ԿԸՀ նախագահը:
Ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդել էր, որ շատ ընտրատեղամասերում հետագա կեղծարարության նպատակով ժամանակավորապես անսարք վիճակի է բերվել հատուկ տեխնիկան: ՕՐՕ դաշինքն իշխանություններից պահանջել է անհնապաղ դադարեցնել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի դեմ ուղղված ապօրինի գործողությունները, իսկ իրավապահ մարմիններից` բացահայտել և պատժել իրավախախտներին: