


Արմինֆո.Հայաստանում նախընտրական քարոզարշավն անցել է օրենքների նորմերին համապատասխան, ոչ մի լուրջ բողոք չի եղել այդ շրջանում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը, հավաստիացնելով, որ քարոզարշավի ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով լիազոր մարմիններ ուղղված իրենց հարցումներին պատասխանել են, որ մինչ օրս ոչ մի բողոք չի ստացվել:
Լեբեդևի համոզմամբ, նախընտրական քարոզարշավի նման ընթացքը նախադրյալներ է ստեղծում հանգիստ ընտրությունների համար, ուստի նա Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել «չփորձել արհեստականորեն շիկացնել իրավիճակը երկրում», հույս հայտնելով, որ ընտրությունները կլինեն ազատ, արդար և թափանցիկ: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն տեխնիկական ներամուծությունների վրա, որոնք ներդրվել են Հայաստանում (ընտրատեղամասերում տեղադրված նույնականացման սարքեր, տեսախցիկներ): Լեբեդևն ընդգծել է, որ ԱՊՀ երկրներից ոչ մեկում նման բան չկա, բայց դրանք պետք է փորձարկել: Նա նաև հուսյ է հայտնել, որ այդ տեխնիկայի շահագործմանն առնչվող բարդություններ չեն ծագի:
Լեբեդևը նաև հաղորդել է, որ մարտի 14-ից Երևանում են ԱՊՀ դիտորդական առաքելության 25 ներկայացուցիչներ, որոնք հասցրել են այցելել 8 մարզեր, շփվել ընտրահանձնաժողովների անդամների հետ, հանդիպումներ անցկացնել պետական կառույցների, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, հետևում են զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին, սոցցանցերի տեղեկատվությանը: Նա ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը կաշխատի Հայաստանի օրենսդրությանը համապատասխան և չի միջամտի հանրապետության ներքին գործերին: Ընդ ուրում, Լեբեդևը հավաստիացրել է, որ ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականներում իրենք կլինեն անաչառ ու անկողմնակալ:
Հիշեցնենք, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունում ընդգրկված է 172 մարդ Համագործակցության 8 երկրներից: Ընդհանուր առմամբ, խորհրդարանական ընտրությունների կհետևեն 6 միջազգային առաքելությունների ` (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՊՀ միջխորհդրարանական վեհաժողով, ԵԽԽՎ, ԵԽ, ԵԱՀԿ ԽՎ) և 30 տեղական կազմակերպություններ (ընդհանուր առմամբ` շուրջ 30 հազար դիտորդ):



