Արմինֆո. Ակնկալվում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերին Արևելյան համագործակցության գագաթնաժողովի ընթացքում: Նախօրեին նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա համոզմամբ, Ռուսաստանը գիտակցում է Հայաստանի համար տվյալ համաձայնագրի ողջ կարևորությունը և այդ հարցում որևէ ֆորս-մաժորային հետևանք չի լինի: «Եվրամիության համար տվյալ համաձայնագրի ստորագրումը նույնպես կարևոր է, սակայն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական տեսանկյունից», - եզրակացրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Հայաստանը և Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը:
Ավելի վաղ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում և հավելել, որ այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս Է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։
Հիշեցնենք, Դեռ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ընթացիկ համաձայնագիրը: Նոր համապարփակ համաձայնագրում նշվում է, որ ԵՄ ձգտում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետարքրություն են ներկայացնում Արևելյան գործընկերության շրջանակում: