Արմինֆո. ՀՀ ԿԸՀ-ն զգուշացրել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ ընտրողներին նախընտրական դրամական և նյութական խոստումներ տալուց: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը:
Մասնավորապես, մեկնաբանելով Ծառուկյանի խոստումը Տավուշի բնակիչներին՝ խաղող ընդունել 150 դրամով, գյուղատնտեսական տեխնիկա տրամադրել, գազ անցկացնել տներում՝ Մուկուչյանը հայտարարել է, դա օրենքի խախտում է: «Մենք արդեն զգուշացրել ենք, որպեսզի դաշինքը զերծ մնա օրենքի խախտումներից, հակառակ դեպքում ԿԸՀ-ն համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,- նշել է նա:
Նշենք, որ Ընտրական օրենսգիրքն արգելում է կուսակցություններին նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ: Չնայած դրան՝ Արմավիրի մարզում այսօրվա քարոզարշավի ընթացքում Ծառուկյանը կրկին նյութական խոստումներ է տվել, մասնավորապես՝ գյուղերից մեկի բնակիչներին խոստացել է ընտրություններից հետո կոմբայն նվիրել: