Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում կան բաց հարցեր: Այդ մասին ԱՊԱ-ին հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Երեկ Ռուսաստանի արտգործնախարարի հետ լայնածավալ քննարկումներ անցկացրեցինք: Հայաստանում ապրիլի 2-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Դրանից հետո մենք կրկին կվերադառնանք հարցին: Կան որոշ հարցեր, որոնց առնչությամբ մենք չենք կարողանում համաձայնության գալ: Նոր հարցեր չկան»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նա նաև հայտնել է, որ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում: Մամեդյարովի խոսքով, որպեսզի բանակցություններն արդյունավետ լինեն, անհրաժեշտ է սպասել Հայաստանի խորհրդարանական ընտրությունները:
Անդրադառնալով հակամարտության գոտում իրավիճակի փետրվարյան սրացմանը՝ Մամեդյարովը նշել, որ լարված վիճակը ցույց է տալիս, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, բանակցային գործընթացում անպայման պետք է առաջընթաց արձանագրվի: «Անհրաժեշտ է սուբստանտիվ բանակցություններ անցկացնել: Սակայն, հայկական կողմը պետք է կամք դրսևորի՝ դուրսբերելով զորքերն ադրբեջանական հողերից»,- ասել է Մամեդյարովը: