Արմինֆո. Արցախի վարչապետ Արա Հարությունյանը հաստատել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տարիներ շարունակ անորակ դիզելային վառելիքին առնչվող խնդիրների մասին Հայաստանի կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի խոսքերը:
Ինչպես «Ժողովուրդ»-ում հրապարակված հարցազրույցում խոստովանել է Հարությունյանը, անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում: Նրա տեղեկություններով, տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք, որն օգտագործվում է թե գյուղտեխնիկայի, թե տրանսպորտային միջոցների եւ թե համապատասխան այլ մեքենաների կողմից: «Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ եւ հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից:
Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով: Այդ խնդիրների պատճառով ոչ միայն տեխնիկական միջոցներն են փչացել, այլ նաեւ ձգձգումներ են եղել ինժեներական աշխատանքներում: Պետք է հասկանալ, որ եթե շուկայում առկա է անորակ ապրանք, հատկապես արտակարգ իրավիճակներում եւ հապշտապ գնումների պարագայում նմանատիպ խնդիրները բացառված չեն»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ անորակ դիզելային վառելիքի պատճառով ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկայի շահագործմանն առնչվող խնդիրներ են առաջացել: Արմատական ընդդիմություն դարձած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, իր հերթին, այդ առնչությամբ հայտարարել է, որ եթե նման տեղեկատվություն կա, ապա անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել: Իսկ Հայաստանի ներկայիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փորձել է լղոզել իրավիճակը, հայտարարելով, թե վարչապետ Կարապետյանի հայտարարությունը համատեքստից կտրված և սխալ է մեկնաբանվել: Չնայած «իրավիճակը փրկելու» Սարգսյանի փորձերին` Կարապետյանը չի հրաժարվել իր խոսքերից և լրագրղների հետ զրույցում վերստին հայտարարել է նման խնդրի առկայության մասին, ընդ որում` խոստանալով շտկել այն հնամատարած վերահսկողության և հետևողական աշխատանքի ճանապարհով: