Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահպանում է ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ աշխատանքային շփումները: Այդ մասին ապրիլի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին միջադեպը:
«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ ուղղված բացառապես խաղաղ միջոցներով Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը: Այդ սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է, այդ թվում՝ փաստաթղթերով»,- ասել է Զախարովան:
Ըստ որում, նա չի մեկնաբանել այդ միջադեպի առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է հակամարտության կարգավորման առնչությամբ, որով էլ պետք է առաջնորդվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ:
Դրանից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Խուսափելու համար 2016թ. ապրիլին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների կրկնությունից՝ կոչ ենք անում Հայաստանին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերջ տալ խախտումներին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, Թուրքիան շարունակելու է աջակցել արդար և ամուր կարգավորմանն ուղղված ջանքերին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում։ Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում Մինսկի խմբի ջանքերի ինտենսիվացումը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով»: