Արմինֆո. «Մեր ամենամյա երթերով մենք պետք է ցույց տանք, որ գնում ենք հանուն արդարության և Հայաստանում ժողովրդավարության հաստատման»,- 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նվիրված հանրահավաքում այս մասին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, 2008 թվականի մարտի 1-ին կատարված հանցագործությունների իրական կազմակերպիչները կպատժվեն երկրում իշխանափոխությունից հետո:
Իր հերթին, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն ընդգծել է, որ «արդեն երեք տարի է, ինչ մենք մարտի 1-ը հայտարարել ենք պետական ահաբեկչության և բռնության դեմ պայքարի համազգային օր»: «Մեր օրերում շարունակվում են պետական բռնաճնշումները»,-նշել է նա, դեպի Մյասնիկյանի արձանն ուղղված երթի մասնակիցներին կոչ անելով ծափահարել զոհվածների հարազատներին ու բարեկամներին: Նրա խոսքով, ամենամյա երթերը պետք է ցույց տան, որ զոհերն իզուր չէին, որ հանուն մարդու իրավունքների, նրա արժանապատվության և ժողովրդավարության հաստատման պայքարը երկրում շարունակվում է:
Այնուհետև երթի մասնակիցներն ընթացան դեպի Մյասնիկյանի արձանը, որտեղ դրեցին ծաղկեպսակներ: