Արմինֆո. Պետությունը պարտավոր է համապատասխան փոխհատուցում տրամադրել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի ընտանիքներին: Այդ մասին ասվում է մարտիմեկյան իրադարձությունների 9-րդ տարելիցի առնչությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրապարակած հայտարարությունում:
«Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9–րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։ Մարտի 1–ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1–ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։ Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում», - ասվում է հայտարարությունում: