Արմինֆո. Լինել Հանրապետական կուսակցության անդամ, որը կանգնած է եղել Հայաստանի անկախության ակունքներում, մեծ պատիվ է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան իր կուսակից Կարեն Կարապետյանի դիտարկմանը, որ Հանրապետական կուսակցությանը պատկանելիությունն ազդեցություն կթողնի իր ռեյտինգային ձայների վրա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Անդրադառնալով Կարապետյանի հայտարարությանը, որ ժողովուրդը խիստ դժգոհ է իշխանություներից՝ Շարմազանովը նշել է, որ ապրիլի 3-ին բոլորին պարզ կդառնա, թե քաղաքական որ ուժին է նախապատվություն տալիս ընտրողը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ՀՀԿ-ն բացարձակ ֆավորիտ է այդ ընտրություններում: Ինչ վերաբերում է Կարապետյանի հավաստմանը, որ նա իրեն կուսակցական գործիչ չի համարում, քանի որ քաղաքական ուժերը, շատ դեպքերում իրենց շահերից ելնելով, գործում են պետության շահերին հակառակ՝ ՀՀԿ մամուլի քարտուղարը նշել է. «Հանրապետական կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը հսկայական ներդրում ունի Հայաստանի պետականաշինության գործում»: Նշենք, որ Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, որի «Տաշիր-գրուպ» ընկերությունը Հայաստանի էլեկտրացանցերի սեփականատերն է, այսօր լրագրողների հետ զրույցում հանդես է եկել իշխանությունների և հարազատ կուսակցության հասցեին խիստ քննադատությամբ: «Տարիներ շարունակ պետական կառույցներում զանգվածային թալանը շարունակում է մինչև օրս: Մինչդեռ նման մարդիկ չպետք է լինեն պետական համակարգում: Ուզում եք լավ ապրել, զբաղվեք բիզնեսով, այլ ոչ թե պետական ռեսուրսներն օգտագործեք ձեր անձնական շահերը սպասարկելու համար»,- հայտարարել է Կարապետյանը: Նա նաև ընդգծել է, որ ժողովուրդը խիստ դժգոհ է իշխանություններից, կառավարող կուսակցությունից, ընդդիմությունից, որն անիրականանալի խոստումներ է տալիս: «Թող դուրս գան Երևանից և այցելեն մարզեր, տեսնեն, թե ինչպես են ապրում մարդիկ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ իրեն իշխանությունների ներկայացուցիչ կամ կուսակցական գործիչ չի համարում: Նրա խոսքով, կուսակցությունները հաճախ գործում են նեղ կուսակցական շահերից ելնելով, ինչը հակասում է պետության և ժողովրդի շահերին: Այս համատեքստում Կարապետյանը նշել է, որ Հանրապետական կուսակցությանը պատկանելիությունը բացասաբար կանդրադառնա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր իմիջի վրա /նա առաջադրվում է ՀՀԿ-ից ռեյտինգային համակարգով՝ Լոռու մարզում.-խմբ/: