Արմինֆո.Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա` կորուստներ է կրել և հետ շպրտվել: Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում:
«Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» մասին: Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից: Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: