Արմինֆո. Հայկական կողմը եզրահանգումներ է անում ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո, ՌԻԱ Նովոստի գործակալությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Իհարկե, ուսումնասիրվում է ինչպես սեփական փորձն, այնպես էլ հակառակորդի գործողությունները: Դրանք դրվում են մեր պլանավորման և Հայաստանի զինված ուժերի զարգացմանն ուղղված ծրագրի հիմքում: Բայց չեմ կարծում, որ ապրիլյան դեպքերը ինչ-որ ձևով փոխել են տարածաշրջանում ուժերի և հնարավորությունների հարաբերակցության մասին մեր պատկերացումները, չնայած Ադրբեջանի մարտավարության և հնարավոր գործողությունների առումով, տվյալ դեպքում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, մտցվել են որոշ շտկումներ: Մենք դա հաշվի ենք առնում:
Ինչ վերաբերում է իրադրությանը սահմանին, ապա Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի ռեժիմը: Պարբերաբար օգտագործվում է դիպուկահար զենք, նռնականետեր և ականանետեր:
Այս ամենն իհարկե մտահոգում է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի տրամաբանությունը ենթադրում է, որ կարգավորումը հնարավոր կլինի միայն ամբողջական և խորը փոխըմբռնման և կողմերի փոխադարձ շահերը հաշվի առնելու պարագայում: Դա անհնար է վստահության բացակայության դեպքում, իսկ զինադադարի ցանկացած խախտում հանգեցնում է անվստահության մեծացմանը, կողմերի պաշտպանական բնազդների խորացմանը, ինչում մենք շահագրգռված չենք:
Մենք գտնում ենք, որ Ադրբեջանը պետք է ի կատար ածի ապրիլյան դեպքերից հետո Մինսկի խմբի համանախագահների և անձամբ ՌԴ նախագահի հովանու ներքո Վիեննայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանք ամենապարզ, հասկանալի և քաղաքական մեծ կամք չպահանջող վստահության ամրապնդման միջոցներն են, որոնք հնարավորություն կտային վերականգնելու խնդրի կարգավորմանն ուղղված արդյունավետ երկխոսությունը: Այսօր, ցավոք սրտի, մենք դա Ադրբեջանի կողմից չենք տեսնում»,- ասել է Սարգսյանը: