Արմինֆո. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ֆրանսիայի գերակայությունների թվում կմնա: Այդ մասին այսօր Երևանում «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը. հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դիվանագետը հիշեցրել է, որ 1915 թ. իրադարձություններից հետո տարիներ շարունակ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հնարավոր չէր: «Իրավիճակը փոխվեց 2000 թվականից հետո՝ շնորհիվ «ֆուտբոլային դիվանագիտության» և դրան հաջորդած քայլերի: Չնայած երկու երկրների միջև ցամաքային սահմանի փակվածությանը՝ մարդկանց միջև շփումները պահպանվում են, կա նաև ավիահաղորդակցություն»,- նշել է Շարպանտիեն: Ըստ որում, նա ավելացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսությունը պետք է պահպանվի և զարգանա: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության տեսակետից և կմնա մեր գերակայությունների թվում»,- ընդգծել է դեսպանը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում (Շվեյցարիա) Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություններ: Փաստաթղթերը նախատեսում են«անկախ պատմաբանների» համատեղ հանձնաժողովի ստեղծում` Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար: Սակայն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններն այդպես էլ չվավերացրեցին արձանագրությունները, քանի որ Անկարան մշտապես նախապայմաններ էր առաջ քաշում վավերացման համար: Այդ առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ կասեցվեց արձանագրությունների վավերացման գործընթացն Ազգային ժողովում, իսկ 2015 թվականի փետրվարին դրանք հետ կանչվեցին խորհրդարանից: